Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում տարածված միամյա, երկամյա կամ բազմամյա բույսեր են: Ցեղի գիտական անվանումը ծագել է «myos»-մուկ ու «otos»-(ous)-ականջ՝ հունարեն բառերի միացումից: Իրոք փոքրիկ մազիկներով պատված անմոռուկի նոր բացվող տերեւիկները նման են մկան ականջի: Սակայն բազմաթիվ ժողովուրդների լեզուներում բույսն անվանվում է անմոռուկ կամ «չմոռանաս ինձ». էսպերանտո՝neforgesumino:
Անմոռուկի հետքը համաշխարհային հոգեւոր մշակույթում
Պարսկական առասպել: Հրեշտակը տեսնում է երկրային գեղեցկուհուն, ով հավաքում էր փոքրիկ, կապույտ ծաղկաթերթեր ու դեղին «աչիկ» ունեցող ծաղիկներ. «Սա այն ծաղիկն է, որ մոռացել էր իր անունը եւ Աստված ժպտալով նրան Անմոռուկ անվանեց».-ասաց հրեշտակն ու խնդրեց, որ աղջիկն ամրացնի ծաղիկներից մեկն իր կրծքի վրա՝ սրտին մոտիկ: Երբ հրեշտակը վերադարձավ դրախտ, ապա ծաղիկն անընդհատ հիշեցնում եր նրան երկրային գեղեցկուհու մասին: Հրեշտակը կատարեց իր ընտրությունն ու Աստված ասաց նրան.- «Եթե նա սիրում է քեզ, ապա թող տարածի այդ «մոռացկոտ» ծաղիկը»: Աղջիկը ոտքով անցավ ամբողջ աշխարհը եւ ցանեց անմոռուկի սերմերը ջրերի ափերին, անտառներում, դաշտերում, լեռնալանջերին ու ալպյան մարգագետիններում: Բազմաթիվ զրկանքներն ու ժամանակը դրեցին իրենց կնիքը, սակայն հրեշտակը բռնեց աղջկա ձեռքն ու տարավ դեպի դրախտի դռները: Աստված ընդունեց նրանց:
Կելտական ավանդույթ: Կելտերը նույնպես արիացիներ են (տե'ս, Հովհաննես Դրասխանակերտցի, Հայոց պատմություն), ովքեր Ք.ա. 8-րդ – Ք. հ. 5-րդ դարերում զբաղեցրել են ընդարձակ տարածքներ Բրիտանական կղզիներից մինչեւ Փոքր Ասիա: Նրանց իմաստունների օրացույցում կային 4 հիմնական տոներ, որոնցից երկրորդը նշվում էր մայիսի սկզբին (տես, Ջ. Սահակյան,
Պահապան ծառերի բուժիչ զորությունը՝ գիրքը): Այդ տոնը չի մոռացվել. ամեն տարի մայիսի 1-ին Անգլիայում հայտարարվում են գեղեցկության մրցույթներ, իսկ հաղթողին շնորհում են «Անմոռուկի թագուհի» տիտղոսը: Գերմանիայում այդ օրն անցկացնում են բնության գրկում, իսկ հավաքած անմոռուկներով զարդարում են տները եւ ամրացնում սիրելիների կրծքին: Միլիարդավոր մարդիկ, արտաբերելով անմոռուկ բառը, պատկերացնում են այդ փոքրիկ ծաղիկը որպես ավանդույթների պահապան, իսկ մենք՝ հայերս, որպես սրբացված հոգիների խորհրդանիշ.- «Հիշում ենք ու պահանջում»՝ հանուն համամարդկային արժեքների:
Ասում են, եթե անմոռուկի ծաղկաբույլը եփեն աղբյուրի ջրի մեջ, մտովի դիմեն աղոթք-խնդրանքով, այդ ջրով լվացվեն կամ շփեն մարմինը (չսրբել), իսկ ծաղիկները չորացնեն ու այրեն, ապա դա կօգնի գումար վաստակել: Կամ. գարնանը հավաքած անմոռուկի փունջը չորացրել են, մեկ տարի անց հավաքել են նորը, իսկ հինը՝ այրել: Համարվում է, որ ըստ հորոսկոպի՝ ձկների նշանի տակ ծնվածները երջանիկ կլինեն, եթե տանը անմոռուկներ աճեցնեն: Էզոտերիկները կարծում են, որ անմոռիկի 5 ծաղկաթերթերը համապատսխանում են մարդու 5 զգայարաններին: Հնարավոր է, որ դեղին աչիկը վկայում է 6-րդ զգայարանի գոյության մասին: Միջնադարում անմոռուկի պսակի մեջ, տեղադրում էին փայտից տաշած հնգաթերթ ծաղիկ. «Հիշի'ր իմ մասին» գրությամբ:
Անմոռուկը ՀՀ բնաշխարհում
Անմոռուկների ցեղն ընդգրկում է ավելի քան 50 տեսակներ, ետխորհրդային տարածքում տարածված են 35-ը, իսկ ՀՀ-ում` 14-ը, որոնցից Ա. Դարալագյազի տեսակը բնաշխարհիկ է. աճում է Սուլեմայի լեռնանցքի, Արայի լեռան եւ Ուրցի լեռնաշղթայում: Այս տեսակը աճեցնում են որպես զարդաբույս: Բուժիչ հատկություններ ունեն միայն Անմոռուկ դաշտայինը (M. arvensis) եւ Ա. բուրավետը (M. suaveolens):
Անմոռուկ դաշտայինի, Ա. բուրավետի եւ Ա. ճահճայինի բուսաբանական նկարագիրը
Անմոռուկ դաշտային: Միամյա կամ երկամյա բույս է, ստորգետնյա մասը մազարմատային է, մոտավորապես 5 սմ խորությամբ: Թվով 3-5 ամուր, թավշապատ, ուղղաձիգ, ճյուղավորվող ցողունների բարձրությունը 15-50 սմ է: Տերեւները նշտարաձեւ են, կենտրոնում` լայնացող, 2-5 սմ երկարությամբ ու 0.5-1 սմ լայնությամբ: Ստորին տերւները թիակաձեւ են, կարճ կոթունավոր հավաքված են նոսր վարդակի մեջ: Վերին տերեւները նստադիր են, հերթադիր, կանաչ, ծածկված են գորշագույն թավշամազիկներով: Ծաղիկները հավաքված են միակողմանի ուղղված, տերեւազուրկ, գագաթային ողկույզների մեջ:
Ծաղկակոթուններն ունեն հորիզոնական կամ աղեղնավոր դիրք 2-2.5 անգամ երկար են, քան բաժակը: Ծաղկաբաժակը հնգատամ է, պատված է սպիտակ, կեռ մազիկներով: Ծաղկեպսակը հարթ է կամ գոգավոր, տրամագիծը 2-4 մմ է, խողովակն ավելի կարճ է, քան ատամիկները:
Ծաղկում է մայիս-սեպտեմբեր, պտղաբերում է հունիս-հոկտեմբեր ամիսներին: Անմոռուկի բոլոր տեսակները մեղրատու բույսեր են: Պտուղը մուգ շագանակագույն կամ սեւ է, սեպաձեւ 1.5-2 մմ երկարությամբ 1500-2000 սերմի զանգվածը 1 գ է: Մեկ բույսը տալիս է մինչեւ 700 սերմ, որոնց ծլունակությունը շատ բարձր է: Սերմերը երկար ժամանակ մնում են ծաղկաբաժակում, տարածվում են կենդանիների ու թռչունների միջոցով: Աճում է չոր մարգագետիններում, դաշտերում, անտառի լուսավոր բացատներում, ճամփեզրերին եւ այլն:
Անմոռուկ բուրավետ: Բազմամյա բույս է, արմատը կարճ կոճղարմատ է, ունի արտահայտված վարդակ, որի տերեւները երկարավուն են, երկարակոթուն, ցողունները 1-2 հատ են, սակավատերեւ` 20-40 սմ բարձրությամբ: Ծաղիկները բուրավետ են, ծաղկաբույլը խոպոպիկ է: Ծաղկում է ապրիլ-հունիս, պտղաբերում է մայիս-հուլիս ամիսներին: Պտուղը սեւ է, փայլուն, բութ եզրերով: Քսերոֆիտ՝ չորադիմացկուն, խիտ մազապատ բույս է:
Անմոռուկ ճահճային (M. palustris): Կոճղարմատը սողացող է` ստորգետնյա ընձյուղներով: Բազմամյա բույս է` 15-80 սմ բարձրությամբ, 1-2 ցողունով, ստորին ցողունները հաճախ արմատակալում են: Տերեւները հերթադիր են` մինչեւ 8 սմ երկարությամբ ու 3 սմ լայնությամբ: Ծաղկաբույլը խոպոպիկ է, ծաղկեպսակը` 8-12 մմ, երկնագույն երբեմն վարդագույն կամ սպիտակ է, խողովակը թագանման է: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին: Անմոռուկի այս տեսակն օգտագործվում է ծաղկեփնջերի ձեւավորման համար ու պատկերված է բազմաթիվ կտավների վրա:
Անմոռուկ դաշտայինի դեղաբանական հատկություններն ու կիրառումը
Անմոռուկն ունի հակաբիոտիկ, հակաբորբոքային, խորխաբեր, արյունարգել, քրտնարտադրությունը նվազեցնող, հակաուռուցքային ազդեցություն: Վերջերս պարզվել է, որ բույսի տերեւի թուրմը հեռանկարային է որպես հակադեպրեսանատ միջոց: Հիմնականում օգտագործվում է ժողովրդական բժշկությունում ու հոմեոպաթիայում: Միջնադարի հայ բժիշկներն օգտագործել են անմոռուկից ստացված պատրաստուկները նյարդերի ու հոգեկան հիվանդությունների, ընկնավորության բուժման պարագայում, իսկ Տիբեթի բուժարարները բուժում են տենդն ու գինեկոլոգիական հիվանդությունները («Растительные ресурсы»,1990): Ավիցենան կիրառել է անմոռուկը դիմային նյարդի բորբոքման, ընկնավորության, բուժման համար, նա գրել է, որ բույսը «մաքրում» է ուղեղը: 21-րդ դարի սկզբում կատարված գիտական ուսումնասիրությունները հաստատել են, որ բույսն, իրոք, ունի հակադեպրեսանտ ազդեցություն (պատենտ № 2335293 CI, 2008թ.):
Մեծածավալ հետազոտություններ է կատարել Ն.Յու. Պոլոմեեւան (Психофармакологическая активность настоя и экстрактов незабудки полевой, Գիտական թեզի Ավտորեֆերատ, Տոմսկ, 2012թ.), նա ապացուցել է, որ անմոռուկ դաշտայինի ջրային թուրմն ունի նոոտրոպիկ, անկսիոլիտիկ, հոգեվիճակը կարգավորող հակադեպրեսանտ ազդեցություն փորձարկման ենթարկված կենդանիների վրա: Պարզվել է, որ թուրմը լավացնում է հիշողությունը: Հոմեոպաթները կիրառում են օձերի ու կարիճների խայթոցների դեմ: Հոլանդիայում (18-րդ դար) բույսի հյութն օգտագործել են թոքախտի դեմ: Ժողովրդական բժիշկները կիրառել են հյութն ու չորացրած փոշիացրած արմատը բերանի խոռոչի ուռուցքների, իսկ տերեւի թուրմը` թրջոցի ձեւով, աչքերի բուժման համար: Գիտական բժշկությունը չի ժխտում, որ անմոռուկի թուրմը նպաստում է քրոնիկ բրոնխիտի, արյունոտ խորխի, հազի, թոքերի ու աղիների տուբերկուլոզի համալիր բուժման արդյունավետությանը: Բժիշկներ Սվիրիդոնովը (1986թ.) եւ Մախլայուկը (1992թ.) կարծում են, որ անմոռուկ դաշտայինի թունդ եփուկով լվացումը նպաստում է մաշկի ցանի ու չոր էկզեմայի բուժմանը:
Անմոռուկ դաշտայինի քիմիական բաղադրությունը
Բույսի ցուղունն ու տերեւը պարունակում են C, E, K վիտամիններ, կարոտին, միկրո- ու մակրոտարրեր, կվերցետինի գլիկոզիդներ (ռուտին ու այլ), կումարին, ստերոիդ ու եռատերպենային փրփրանյութեր, ալկալոիդներ, ճարպաթթուներ՝ լինոլի, լինոլենի, պալմիտինի եւ այլն: Սերմը պարունակում է 43% ճարպայուղ: Ծաղկաթերթերը պարունակում են անտոցիաններ, այդ իսկ պատճառով բնության մեջ հանդիպում են վարդագույն ու կապույտ անմոռուկներ, որը կանխորոշվում է ներբջջային հյութի թթվայնությամբ: Հետաքրքիր է իմանալ, որ ծխախոտի ծխի մեջ պահված անմոռուկի երկնագույն ծաղկաթերթերը ստանում են կանաչ երանգավորում:
Անմոռուկի մթերման ու պահպանման եղանակը
Որպես բուժահումք են ծառայում բույսի բոլոր մասերը: Տերեւները, ցողուններն ու ծաղիկները հավաքեք բույսի ծաղկման շրջանում, իսկ արմատն՝ աշնանը: Անմիջապես փռեք բարակ շերտով լավ օդափոխվող ծածկի տակ, արեւի ճառագայթներից հեռու: Չորացրած հումքը պահեք թղթե պարկիկներում չոր, հով տեղում:
Ժողովրդական դեղատոմսեր
Ցան, չոր էկզեմա: Անմոռուկ դաշտայինի 4 ճ.գ. չոր մանրացրած տերեւը լցրեք 400 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք փակ տարայում, 2 ժամ թրմեք տաք տեղում (փաթաթեք լաթով), քամեք ու զտեք քառատակ ծալած թանզիֆով: Դրեք թրջոց կամ զգուշորեն ներմերսեք հիվանդ մասին:
Հազ, բրոնխիտ, թոքախտ, արյունոտ խորխ: Բույսի 1 թ.գ. չոր խոտը 1 ժամ թրմեք 150 մլ եռջրում, քամեք: Խմեք 1-ական ճ.գ.՝ օրը 4 անգամ:
Թոքախտ: Խառնեք անմոռուկ դաշտայինի ու անմոռուկ բուրավետի խոտերը (1:1): Երկու թ.գ. չոր հումքը 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում փակ տարայի մեջ, տաք տեղում: Քամեք, խմեք 1-ական ճ.գ., օրը 3-4 անգամ:
Տղամարդկանց սեռական ֆունկցիան ակտիվացնող: 2 թ.գ. չոր հումքը լցրեք 100 մլ եռջրի մեջ, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 2-ական թ.գ., օրը 2-3 անգամ:
Բրոնխիալ ասթմա, լյարդի, երիկամների, միզապարկի հիվանդություններ, մարսողության խանգարում: Անմոռուկ դաշտայինի թարմ տերեւները մանրացրեք, 1ճ.գ. հումքը 20 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 4 անգամ, ուտելուց առաջ:
Ուռուցքներ բերանի խոռոչում: Անմոռուկ դաշտայինի թարմ տերեւն ու ցողունը լվացեք հոսող ջրի տակ, չորացրեք քամիչի վրա, աղացեք, զտեք հյութը: Խմեք 1-ական թ.գ.՝ օրը 3 անգամ, 50 մլ ջրով: Հյութը պահեք սառնարանում` 1-2օր, կամ, մանրացրեք չորացրած արմատը եւ փոշի դարձրեք: Խմեք 1-ական գ, օրը 3 անգամ:
Կանանց մոտ անպտղություն: Թարմ ծաղիկի 1 թ.գ. 40 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 1-ական ճ.գ., ուտելուց 30 րոպե առաջ:
Զգուշացում: Անմոռուկը պարունակում է կենսաբանորեն ակտիվ նյութեր, խստորեն պահպանեք չափաբաժինները: Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, հատկապես թոքախտի դեպքում ինքնաբուժությունը վտանգավոր է կյանքի համար:
Կարդացեք նաև
Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...
Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...
Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...
Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...
Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...
Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...
Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...
Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...
Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...
Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...
Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...
Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...
Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...
Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն